Պատերազմի օրերին սոցապնախարարությունը «Հայաստան» հիմնադրամից չի ֆինանսավորվել. Առաքելյան

Մեսրոպ Առաքելյան. Արխիվային լուսանկար
Նախկին սոցապնախարարի խոսքով`այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են նախարարության կողմից տեղի են ունեցել ներքին վերաբաշխումների կամ պահուստային ֆոնդի միջոցով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Արցախյան 44–օրյա պատերազմի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ բյուջետային հարաբերությունների մեջ չի մտել և չի ստացել ուղիղ ֆինանսավորում։ Նման հայտարարություն արեց նախկին սոցապնախարար, «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մեսրոպ Առաքելյանը` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից պատերազմի հետևանքով իրականացված սոցիալական ծրագրերի բյուջետային գործընթացը տեղի է ունեցել բացառապես մեր նախարարության տիրույթում»,–ասել է Առաքելյանը։

Նրա խոսքով` այն բոլոր ծրագրերը, որոնք իրականացվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տեղի են ունեցել ներքին վերաբաշխումների կամ պահուստային ֆոնդի միջոցով։
«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան
Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։