Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղում Գեղարքունիքի մարզպետին ու նրա օգնականին

Կարեն Սարգսյան
Կարեն Սարգսյանն ու Մանանա Գալստյանը մի շարք հարցեր են քննարկելու Ռուսաստանում և հանդիպելու են տեղի հայ համայնքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ է գործուղում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և նրա օգնական Մանանա Գալստյանին։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության կայքում։

«Կարեն Սարգսյանին և Մանանա Գալստյանին հունվարի 19-21-ը գործուղել Օմսկ՝ 2016 թ–ին Գեղարքունիքի մարզպետարանի և Օմսկի մարզի կառավարության միջև ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրից բխող հետագա ռազմավարական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն առնչվող հարցեր քննարկելու, ինչպես նաև տեղի հայ համայնքի հետ հանդիպելու նպատակով»,– նշված է որոշման մեջ։

Սարգսյանի և Գալստյանի գործուղման օրապահիկի, ճանապարհածախսի և Covid-19–ի ՊՇՌ նմուշառումների վճարները կատարվելու են 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Գիշերակացի հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հիշեցնենք` Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի սեպտեմբերին։