ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից երեկ գազի սակագնի վերանայման հայտ է ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀԾԿՀ մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը։
«Մինչև ապրիլի 1-ը հանձնաժողովը համալիր ուսումնասիրություններ կիրականացնի, իսկ վերջնական գնի առնչությամբ դռնբաց նիստ կհրավիրվի և որոշում կկայացվի»,–ասաց Ազիզյանը։
Հարցին, թե սակագնի փոփոխության ի՞նչ թվի մասին է խոսքը` Ազիզյանը պատասխանեց, որ դա ցույց կտա ուսումնասիրությունը. «Գազի գինը պետք է որոշվի հաշվի առնելով կալորիայի փոփոխությունը, ինչպես նաև ներդրումների մասով և ընկերության ծախսային հոդվածների ուսումնասիրության արդյունքները նկատի ունենալով»։
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտնել էր` 2021 թվականի դեկտեմբերին Հայաստանի և Ռուսաստանի ստորագրած միջպետական արձանագրության համաձայն` նախատեսված էր, որ գազի գինը կտատանվի՝ կախված դրա էներգետիկ արժեքից:
Եթե այն մեկ խորանարդ մետրի համար 7 900 կիլոկալորիայից բարձր լինի, սահմանին գազի գինը համամասնորեն կբարձրանա, իսկ եթե ավելի ցածր, կնվազի։ Այսինքն` սահմանին 1000 խմ գազի դիմաց 165 դոլար արժեքի վրա կարող է կիրառվել գործակից՝ կախված նրանից, թե փաստացի ինչ կալորիայով գազ կմատակարարվի։