Հայաստանի ազգային փոխադրող Fly Arna-ն գարնան վերջից թռիչքներ կիրականացնի

Աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիայի, Ռուսաստանի, Մերձավոր Արևելքի, ԵՄ-ի և այլ ուղղություններով թռիչքներ իրականացնելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի - Sputnik. Ազգային ավիափոխադրող FlyArna -ն թռիչքներ կիրականացնի 2022 թվականի գարնան վերջից։ Տեղեկությունը հայտնել է Air Arabia-ի գլխավոր տնօրեն Ադել Ալ Ալին ավիաընկերության ապրանքանիշի շնորհանդեսին:
Նրա խոսքով՝ մայիսին կավարտվեն իրավական աշխատանքները, որից հետո միայն հնարավոր կլինի հայտնել կոնկրետ ուղղությունների մասին: Նա ավելացրել է, որ աշխատանքներ են տարվում Կենտրոնական Ասիա, Ռուսաստան, Մերձավոր Արևելք, ԵՄ երկրներ թռիչքներ իրականացնելու համար: Ամենայն հավանականությամբ թռիչքները կիրականացվեն Air Arabia ավիաընկերությունից վարձակալված Airbus A-320 2 օդանավերով, սակայն չի բացառվում, որ շահագործվեն նաև այլ օդանավեր:

«Բոլոր ինքնաթիռները, որոնք կօգտագործվեն ավիաընկերության կողմից, կգրանցվեն Հայաստանում։ Ինքնաթիռ ունեցող ցանկացած ավիաընկերություն մեր մրցակիցն է»,-նշել է Ալ Ալին։

Նա ավելացրել է, որ սկզբնական փուլում կձևավորվի մի քանի հարյուր աշխատատեղ։ Երբ ուղղությունները շատանան ու նոր ինքնաթիռներ ներգրավվեն, դրանց քանակը կարող է ավելանալ։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ANIF) ղեկավար Դավիթ Փափազյանն ավելացրել է, որ ընկերությունը չի ստանա որևէ հարկային արտոնություն ու հավասար պայմաններ կունենա այլ ավիաընկերությունների հետ: Նա հույս ունի, որ շուկայում կլինեն նաև այլ ավիաընկերություններ, ինչը կհանգեցնի առողջ մրցակցության ու քաղաքացիների համար ճանապարհորդության շահավետ պայմանների:
Թուրքիան «Flyone Armenia»-ին Ստամբուլ թռչելու թույլտվություն է տվել
«Հայկական ընկերությունը կունենա բաժնետոմսերի 51%-ը, ներդրողը՝ 49 %-ը ։ Ընդ որում, պետությունը կֆինանսավորի բացառապես իր բաժինը ու ոչ մի սուբսիդիա և արտոնություն չի լինի», - նշել է նա։
Փափազյանն ավելացրել է, որ կձևավորվի խորհուրդ, որը կնշանակի գլխավոր տնօրենին և թիմի հիմնական մասին: Նրա խոսքով՝ կադրերն ընտրվելու են որակի ու զարգացման ներուժը համադրելու սկզբունքով։
Ո՞վ կլինի 1-ին ծիծեռնակը. հայկական ընկերությունները 2015–ից թռիչք չեն կատարել դեպի Թուրքիա
Հիշեցնենք՝ հուլիսի 14-ին Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը և Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի առաջին և ամենամեծ բյուջետային ավիափոխադրող «Էյր Արաբիան» հայտարարեցին հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու մասին:
Ըստ համաձայնագրի՝ կստեղծվի անկախ համատեղ ձեռնարկություն, որը կգործի որպես բյուջետային ուղևորափոխադրող ավիաընկերություն և որի բազան կհանդիսանա Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը։
Ավիաընկերության անվանումը որոշելու հնարավորությունն ընձեռնվել էր ՀՀ քաղաքացիներին: Այդ նպատակով հայտարարված մրցույթի մասնակիցներից ստացված ավելի քան 500 առաջարկներից ընտրվել էր «Fly Arna» անունը: «Արնա» բառը ստացվել էր «Հայկական ազգային ավիաուղիներ» (Armenian National Airlines) անունից՝ համատեղելով «ARmenian» բառի առաջին երկու տառերը, «National» և «Airline» բառերի առաջին տառերը: