ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա Հայ-ռուսական համալսարանի դեմ քրեական գործի հարուցումն անիրավաչափ է, և բուհի կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով: Նման հայտարարությամբ է հանդես եկել Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սասուն Բաղդասարյանը` արձագանքելով ՀՀ դատախազության երեկվա հայտարարությանը։
Երեկ ՀՌՀ–ի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր դեմ արդեն հարուցել են կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ։ Նա նշել էր, որ գործն ամբողջությամբ պատվիրված ու հնարածին է, և դրանով ամեն գնով ուզում են հասնել իր հրաժարականին կամ պաշտոնանկությանը։
Ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել էր, որ իրենք ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել են ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և ՀՌՀ–ի գործունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր։ Դրանցում առկա են տվյալներ բուհում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներ: Այս ամենը պարզելու հիմքով էլ քրգործ է հարուցվել։
«Հաղորդագրությունում նշված ՌԴ դատախազության կողմից ստացված «նյութերը» վերաբերում են Հայ-ռուսական համալսարանում 1 տարի առաջ կատարված երկու ստուգումներին ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից։ Դրա արդյունքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները համալսարանի կողմից վերացվել են»,–ասում է Բաղդասարյանը։
Ուստի, ըստ Բաղդասարյանի, զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ:
Բաղդասարյանը հավելում է, որ ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ դատախազություն, ինչը հաստատում է Դարբինյանի գնահատականը՝ գործի պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ:
Իսկ ինչ վերաբերում է ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը, ապա դրա վերջնական ակտում արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ:
Բաղդասարյանը պնդում է` նախորդ տարվա մարտի 29-ին համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՀՌՀ–ում հնարավոր չարաշահումների դեպքով քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը)։ Քրգործն ընդունվել է վարույթ, և նախաքննություն է սկսվել: