Արմեն Սարգսյանը մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արմեն Սարգսյան
Այցի առանցքում անդրադարձ կլինի նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Այցի ընթացքում նախատեսվում են նախագահի հանդիպումները Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն միջպետական համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, որոնց իրականացումը դանդաղել էր կորոնավիրուսային համավարակի հետևանքով:

Հայաստանի նախագահը կայցելի «Մասդար» գիտաարդյունաբերական կենտրոն. «Մասդար» ընկերությունը սկսել է առաջին ներդրումային ծրագրի իրականացումը Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ 200 մեգավատ հզորությամբ ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի շրջանակում: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում աշխարհում առաջատարներից համարվող «Մասդար» ընկերության կողմից Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ 2019թ. ԱՄԷ կատարած պաշտոնական այցի ընթացքում:
Հանրապետության նախագահի այս այցի ընթացքում «Մասդարի» ղեկավարության հետ կքննարկվեն ծրագրի հաջորդ փուլին և այլընտրանքային էներգիայի ոլորտում նոր ներդրումների, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հետ կապված հարցեր:
Արմեն Սարգսյանն ու Ալեն Սիմոնյանը հանդիպել են. ինչի՞ մասին են խոսել
Շարժայի էմիրության ղեկավարության հետ նախագահ Սարգսյանը կքննարկի ավիացիայի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը և ներդրումներին վերաբերող հարցեր: Անդրադարձ կլինի նաև այս տարի «Շարժայի ժառանգության օրեր» ամենամյա միջազգային մշակութային փառատոնի շրջանակում Հայաստանի՝ որպես փառատոնի պատվավոր հյուր մասնակցությանը, ինչը բացառիկ հնարավորություն է ներկայացնելու մեր երկրի և ժողովրդի մշակութային հարուստ ժառանգությունը:
Հայաստանի նախագահը կմասնակցի նաև «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week 2022) միջազգային հեղինակավոր ֆորումին և դրա շրջանակում կազմակերպվելիք համաժողովներին:
Սարգսյանը որպես հիմնական բանախոս հանդես կգա «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում անցկացվող՝ «Երիտասարդությունը հանուն կայունության» («Youth4Sustainability») համաժողովին, ինչպես նաև կայունության, շրջակա միջավայրի և վերականգնվող էներգիայի խնդիրներին ու դրանցում կանանց ներգրավվածությանը նվիրված թեմատիկ քննարկումներին: