Միայն Ալմաթիում մոտ 1000 ոստիկան է վիրավորվել. Տոկաև

ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Ոստիկանության մոտ 1000 աշխատակից է վիրավորվել Ալմաթիում հունվարի սկզբին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
Հունվարի 12-ին նա այցելել է Ալմաթի, որտեղ մասնակցել է օպերատիվ շտաբի նիստին, հանդիպել զոհված ոստիկանների ու զինվորականների ընտանիքների հետ։
«Միայն այս քաղաքում, եթե խոսենք ոստիկանների մասին, ինչպես ինձ ասացին, գրեթե 1000 մարդ վիրավորում է ստացել»,- հայտարարել է նախագահը, ում ելույթը հեռարձակում էր «Խաբար 24» հեռուստաընկերությունը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Ինչո՞ւ Ղազախստանի անվտանգության ուժերը աչքաթող արեցին «օրկերի հեղափոխությունը»
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: