Լիբանանում բողոքի ակցիաներ են. ցուցարարները փակել են երկրի հիմնական ավտոմայրուղիները

Ցամաքային տրանսպորտի արհմիությունների բողոքի ակցիայի արդյունքում արգելափակված ճանապարհը Սիդոնում (13 հունվարի 2022թ)․ Լիբանան
Բողոքի ակցիան կշարունակվի մինչև երեկոյան 5-ը, այնուհետև արհմիության ղեկավարը կհայտարարի հետագա գործողությունների մասին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Ցուցարարներն այսօր արգելափակել են Բեյրութի և ընդհանրապես Լիբանանի գլխավոր մայրուղիները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ցամաքային տրանսպորտի արհմիության կոչով միկրոավտոբուսների և տաքսիների վարորդները փակել են ճանապարհները՝ բողոքելով վառելիքի, սննդամթերքի գների չընդհատվող աճի դեմ`դոլարի նկատմամբ ազգային արժույթի նոր անկման ֆոնին:
Լիբանանի քաղաքներում կրկին բողոքի ակցիաներ են
Լիբանանի մայրաքաղաքում փակ է կենտրոնական հրապարակը, Վերդանի շրջանը և մայրուղին, որը տանում է դեպի օդանավակայան:
Առավոտյան 5-ից բողոքի ակցիաների մասնակիցները նաև արգելափակել են մայրաքաղաքը երկրի հյուսիսային և հարավային շրջանների հետ կապող մայրուղիները։

«Մենք ստիպված ենք նման քայլերի դիմել, որպեսզի մեզ լսեն։ Մինչ այս մենք նախազգուշական ակցիա էինք կազմակերպել և փակել ճանապարհները։ Մենք պահանջում ենք, որ իշխանությունը քայլեր ձեռնարկի դոլարի փոխարժեքի կայունացման և սննդամթերքի գների կարգավորման հետ կապված։ Բենզինի գինն ամեն օր թանկանում է, նույնիսկ այս պահին է թանկանում, երբ ակցիա է ընթանում», - ասում է ցամաքային տրանսպորտի արհմիության անդամ Ահմադ Կուբեյսին։

Կուբեյսիի խոսքով՝ կարևոր է, որ բոլոր լիբանանցիները միանան գործադուլին և բողոքի ակցիային, քանի որ կյանքի պայմաններն ամեն օր ավելի են վատթարանում։
«Եթե իշխանությունն ուզում է ինչ-որ բան փոխել, թող դատի բանկիրներին ու Կենտրոնական բանկի ղեկավարին։ Թող նրանց ստիպեն միջոցներ ձեռնարկել, բայց առայժմ մեր կյանքի պայմանները միայն վատանում են», - հավելել է Կուբեյսին։
Լիբանանի վարչապետը հույս ունի հաղթահարել ճգնաժամը Պարսից ծոցի երկրների հետ
Ցույցի մասնակից Աբու Ալի Մոհսենն ասում է, որ արհմիությունն ու երկրի քաղաքացիները պետք է կառավարությունից ու խորհրդարանից պահանջեն լուծումներ գտնել: «Մարդիկ չպետք է տուժեն, չպետք է սոված մնան միայն այն պատճառով, որ քաղաքական գործիչները պայքարում են իշխանության համար», - ասում է նա:
Բեյրութում այս պահին ակցիան խաղաղ ընթացք ունի։ Բանակն ու ոստիկանությունը չեն խոչընդոտում ցուցարարների գործողություններին։