ՀՀ ԱԳՆ–ն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելու ակնկալիք ունի. Հունանյան

Վահան Հունանյան
ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի մոտեցումը չի փոխվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տպավորությամբ` Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Հունանյանը նման կարծիք է հայտնել` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրեսի» հարցերին։

«Հայաստանի ակնկալիքները Թուրքիայի հետ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն, և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի»,–ասել է Հունանյանը։

Դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել, Հունանյանն արձագանքել է`ՀՀ-ն մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում:
ՌԱԴԻՈ
Ե՞րբ է հնարավոր Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալ. թուրքագետը` հանդիպման մասին
Ինչ իսկ վերաբերում է հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված հանդիպմանը, ԱԳՆ մամուլի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։
Նրա խոսքով` ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ, ուստի դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ։ Սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան. 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրություններ ստորագրեցին, սակայն այդ փաստաթղթերն այդպես էլ չվավերացվեցին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 13-ին հայտարարեց, որ Անկարան ու Երևանը հարաբերությունների կարգավորման համար հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն։ Հաջորդ օրը Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակը հաստատեց այդ տեղեկությունը։
Թուրքական կողմի ներկայացուցիչը կլինի ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը, հայկական կողմինը` ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։