ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը Ղազախստանում ցույց տվեց, որ կազմակերպության պաշտպանական ներուժը բարձր արդյունավետություն ունի ու իսկապես գործող է: Ղազախստանում խաղաղապահ գործողության ավարտի արարողության ժամանակ Ալմաթիում ելույթ ունենալով` նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
Կառույցի գործողությունն ավարտվում է հունվարի 13-ին, ինչից հետո սկսվում է զորակազմի փուլային դուրսբերումը։ Գործընթացը 10 օր կտևի: Ըստ Զասի՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի միաձայն որոշմամբ ստեղծված Հավաքական խաղաղապահ ուժերը պատվով են կատարել իրենց առջև դրված խնդիրները:
«Ղազախստանի տարածքում խաղաղապահ գործողությունը դարձավ ՀԱՊԿ հավաքական ուժերի առաջին իրական կիրառումը, դուք ձեր պրոֆեսիոնալիզմով ու համակարգված գործողություններով հստակ ցույց տվեցիք, որ մեր պետությունները պատրաստ են ցանկացած պայմաններում ուս–ուսի, միասնական մարտական շարքով պաշտպանել անվտանգության ընդհանուր տարածքը: Ցույց տվեցին, որ ՀԱՊԿ-ի պաշտպանական ներուժը բարձր արդյունավետություն ունի և իսկապես գործող է», - նշել է նա՝ դիմելով զինծառայողներին։
Գլխավոր քարտուղարը կարծում է, որ գործողության ընթացքում ձեռք է բերվել ՀԱՊԿ անդամ պետությունների խաղաղապահ զորակազմերի սերտ փոխգործակցության անգնահատելի փորձ ահաբեկչությանն ու պետության ներսում ապակառուցողական ուժերին հակազդելու գործում:
Զասն առանձնացրել է ռուսական ռազմատրանսպորտային ավիացիայի լավ համակարգված գործողությունները։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռները գրեթե անդադար ռեժիմով գործողության անցկացման շրջան են տեղափոխել ավելի քան 2000 խաղաղապահների ու շուրջ 250 միավոր տեխնիկա: Իրականացվել է ավելի քան 108 չվերթ։
«ՀԱՊԿ-ը՝ մեր կազմակերպությունը, ապացուցել է իր պահանջարկն ու արդյունավետությունը, ցույց է տվել, որ կարող է գործել արագ, վճռական և արդյունավետ, առանց ուշացումների` որոնք, ինչպես հայտնի է, երբեմն «մահվան են հավասար», - ավելացրել է նա:
Զասն ընդգծել է, որ ղազախական կողմի կամարտահայտությանը համապատասխան` խաղաղապահները ծրագրած ժամկետներում դուրս կբերվեն իրենց մշտական տեղակայման կետեր: Նա նաև խոստացել է, որ հատկապես աչքի ընկած անձինք կպարգևատրվեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ու կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների պարգևներով:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: