ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

ՀԱՊԿ խաղաղապահները սկսել են պահպանվող օբյեկտները փոխանցել Ղազախստանի իրավապահներին

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ էր ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Sputnik
ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սկսել են պահպանվող օբյեկտների հսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«ՀԱՊԿ խաղաղապահ հավաքական ուժերի հրամանատարության ու Ղազախստանի պաշտպանության նախարարության կազմած պլանի համաձայն սկսվել է խաղաղապահների կողմից պահպանվող հասարակական նշանակության օբյեկտների հանձնումը երկրի իրավապահ մարմիններին»,-նշված է հաղորդագրության մեջ։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ ՀԱՊԿ խաղաղապահների վերադարձը իրենց երկրներ կկազմակերպվի ղազախստանյան կողմի հետ համագործակցությամբ։
ՀԱՊԿ գործողության արդյունավետությունն ակնհայտ է ամբողջ աշխարհի համար. Զախարովա
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Հայտարարվել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: