«Հայաստան» հիմնադրամի միջոցների օգտագործման շուրջ կասկածներն անհիմն են. Թորոսյան

Արսեն Թորոսյան. Արխիվային լուսանկար
Ռազմական դրության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը պետբյուջեից ստացել է 1.8 միլիարդ դրամ։ Արսեն Թորոսյանի խոսքով` բոլոր փաստաթղթերն առկա են, որ գումարն ըստ անհրաժեշտության է ծախսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայիս ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը համարում է, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործման շուրջ առաջացած կասկածները, մտահոգություններն անհիմն են։ Նա նման հայտարարություն արեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։

«Ես համարում եմ, որ հանրային կառավարման մեջ թափանցիկությունը շատ կարևոր գործոն է և կարծում եմ, որ այս խնդրի շուրջ մեկ տարուց ավելի առաջացած կասկածները , մտահոգություններն անհիմն են, և չկա որևէ ծախս, գործընթաց, որը արվել է Հայաստանի այդ պահի իրավիճակին հակընդդեմ կամ երկրի շահերին հակառակ»,–ասաց Թորոսյանը։

Նրա խոսքով` այդ ժամանակ լինելով առողջապահության նախարար, իր լիազորությունների շրջանակներում ընդունել է որոշումներ, ներկայացրել է պահանջներ, ստացել պատասխաններ և իրականացրել պատերազմի ժամանակ իրեն վերապահված գործողություններ, որոնց շատ փոքր մասն է ֆինանսներին առնչվում։
«Երբ երկրում ռազմական դրությունը հայտարարվեց, մենք պարտավոր էինք հավելյալ միջոցներ տրամադրել առաջացող խնդիրները լուծելու համար։ Առողջապահության նախարարության խնդիրը պատերազմի հետևանքով վիրավորում ստացած անձանց բուժումը կազմակերպելն էր և հարձակման հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստան տեղափոխված բնակչության ամենօրյա բժշկական սպասարկումը»,–ասաց Թորոսյանը։
«Հայաստան» հիմնադրամի աշխատանքների ուղղությունը սրբագրվել է. Արմեն Սարգսյան
Նրա խոսքով` մի շարք հաշվարկներից հետո, որոշվել է, որ այդ աշխատանքն իրականացնելու համար 1.8 միլիարդ դրամ է անհրաժեշտ։
Այս գումարի շրջանակներում առողջապահության նախարարությունը տասնյակ բժշկական հաստատություններին փոխանցել է պատերազմում վիրավորվածների բուժման ծախսերը և կազմակերպել է արցախցիներին տրամադրվող բուժօգնությունը։ Ըստ Թորոսյանի` իր խոսքերն ապացուցող բոլոր փաստաթղթերն առկա են։
Հիշեցնենք, 2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամը» նախաձեռնեց «Մենք ենք, մեր սահմանները, ամեն ինչ «Արցախի համար» դրամահավաքը։ Հետո պարզվեց, որ հավաքագրված գումարից մի զգալի մաս՝ 52 մլրդ 703 մլն դրամը փոխանցվել է կառավարությանը։