ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով, հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
Ինչպես գրում են կուսակցության Facebook–ի էջում, «Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջով դիմել է կառավարությանը` հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասը։
Տեղեկացվում է, որ օրենքով սահմանված երկշաբաթյա ժամկետը լրացել է 2022թ հունվարի 3-ին։
«Նույնանման հանգամանքներով մեկ այլ՝ Վեդի համայնքի դեպքում ՀՀ կառավարության 2022թ հունվարի 4-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արարատի մարզի Վեդի համայնքի ավագանու լիազորությունները և նշանակվել են ավագանու արտահերթ ընտրություններ։ Ընդ որում, հունվարի 4-ին ՀՀ կառավարությունն այդ որոշումը կայացրել է հեռակա քվեարկությամբ՝ չսպասելով հունվարի 5-ի հերթական նիստին՝ նպատակ ունենալով պահպանել օրենքով սահմանված ժամկետները»,–ասված է հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ 2021թ․ դեկտեմբերի 20-ին տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու առաջին նիստը, և համայնքի ղեկավար է ընտրվել հունվարի 9-ի նիստին՝ 21-րդ օրը՝ օրենքի կոպիտ խախտումներով։
«Այս փաստը հիմք է ՀՀ կառավարության կողմից օրենքի ուժով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար միավորված համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու համար։ Սակայն, ՀՀ կառավարությունը նման որոշում չի կայացրել ոչ միայն սեփական նախաձեռնությամբ, այլև «Ապրելու երկիր» խմբակցության կողմից 2022թ հունվարի 3-ի և հունվարի 5-ի ներկայացված դիմումների հիման վրա։ Ավելին, կառավարությունը մինչև այժմ չի պատասխանել խմբակցության նամակին՝ սպասելով քաղաքական որոշման»,–ասված է հաղորդագրության մեջ։
Այս կապակցությամբ, «Ապրելու երկիր» խմբակցությունը դիմելու է դատարան՝ կառավարության անգործության հիմքով և կառավարության կողմից իր պարտականությունների կատարման պահանջով։
«Ապրելու երկիր» կուսակցությունը Փարաքար համայնքում հավաքել է ձայների 49%-ը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 27%: Համայնքի ութ բնակավայրերից երեքում «Ապրելու երկիր» կուսակցությունը հավաքել է 77-85% ձայներ։
Նշենք, որ հունվարի 9–ին Փարաքարի նորընտիր համայնքապետ Դավիթ Մինասյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ առաջիկա 2.5 տարին համայնքը կկառավարի ինքը, իսկ հաջորդ 2.5 տարին` ՔՊ-ի թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
Հայտնել էինք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններում հաղթել է «Ապրելու երկիրը», որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին, որն էլ ի վերջո ընտրվեց համայնքապետ։