ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը Ղազախստանից կսկսվի հունվարի 13-ին: Ալմաթիում օպերատիվ շտաբի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Վաղը կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահ զորակազմի կազմակերպված դուրսբերումը։ Ես բանակցել եմ համապատասխան պետությունների ղեկավարների հետ ։ Օգտվելով հնարավորությունից՝ երախտագիտությունս եմ հայտնում զորակազմի հրամանատարությանը այս մի քանի օրերի ընթացքում կատարած աշխատանքի համար», - ասել է նա։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։