ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2022 թվականի հունվարի 1-ից Եղվարդ, Էջմիածին, Մասիս և Վանաձոր համայնքներում շինթույլտվություն ստանալու համար պետք է դիմել բացառապես էլեկտրոնային եղանակով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունը։
«Այս որոշումը ՀՀ մյուս համայնքներում պարտադիր կդառնա 2024 թվականի դեկտեմբերի 30-ից»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի, Կադաստրի կոմիտեի ղեկավարի, մարզպետների և նշված 4 համայնքների ղեկավարների ու շահագրգիռ կողմերի մասնակցությամբ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով տեղի է ունեցել հանդիպում-քննարկում։
Նախարարն ընդգծել է, որ քաղաքաշինությունը բավական բարդ ոլորտ է, շատ խնդիրներ կան և շինթույլտվությունների ստացումը էլեկտրոնային եղանակով իրականացնելը գործընթացը կդարձնի ավելի թափանցիկ։ Նախարարը կարևորել է նոր գործընթացը կյանքի կոչելու ճանապարհին համատեղ աշխատանքը։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ այս էլեկտրոնային հարթակով իրենք գնում են քաղաքաշինության ոլորտում գործընթացները պարզեցնելու ճանապարհով։ Այսուհետ քաղաքացին, կառուցապատողը դիմելով շինթույլտվության համար կարող է տեսնել ու հետևել իրենց դիմումի ամբողջ ընթացքին՝ դիմելու օրվանից մինչև վերջնական որոշում։
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի խորհրդական Արտավազդ Թարխանյան իր հերթին նկատել է, որ շինթույլտվությունների գործընթացը էլեկտրոնային դարձնելու նպատակն է կրճատել վարչարարությունը, կրճատել ծախսվող ժամանակը, ապահովել ավելի բարձր փոխգործելիության մակարդակ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, մատակարար և կառուցապատող կազմակերպությունների միջև:
Էլեկտրոնային եղանակով կառուցապատման թույլտվությունները կտրվեն e-permits համակարգի միջոցով: