Նիկոլ Փաշինյանը Միքայել Մինասյանի եղբորը փոխնախարար է նշանակել

Գրիգոր Մինասյանն իրավաբանական գիտությունների թեկնածու է, Հայաստանի փաստաբանների պալատի անդամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարադատության նախարարի նոր տեղակալ է նշանակել։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,– նշված է վարչապետի որոշման մեջ։
Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։ Նա 2012 թվականից Հայաստանի փաստաբանների պալատի անդամ է։ Դասավանդել է «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ–ում ու ղեկավարել ինստիտուտի իրավագիտության ամբիոնը։ 2012 թվականից առ այսօր հանդիսանում է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը: 2008 թվականին պաշտպանել է գիտական թեզը և դարձել իրավաբանական գիտությունների թեկնածու:
2013 և 2017 թվականներին ՀՀԿ–ի ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։