ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, որին ՔՊ–ն առաջադրել է որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, կարծում է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելն ադրբեջանական իշխանությունների կողմից խախտում է, սակայն մեր իշխանություններն են հարցի լուծման պատասխանատվությունը կրում։ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր հյուրընկալել էր Գրիգորյանին, և հանդիպման ժամանակ էլ Գրիգորյանը նման կարծիք հայտնեց։
Նշենք, որ հանդիպման ժամանակ «Հայաստանի» պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը հարց ուղղեց Գրիգորյանին` ասելով, որ նոյեմբերի 9-ի պայմանագրից հետո ադրբեջանական ԶՈւ–ն խախտել է ՀՀ սահմանը և այն չի վերականգնվել. ո՞վ է դրա պատասխանատուն։
«Ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ տարածք ներխուժման և շարունակվող ներկայության պայմաններում ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության իրավունքը խախտվել է և շարունակում է խախտված մնալ։ Ինչ վերաբերում է ՄԻՊ–ի անելիքներին, ապա ընտրվելու դեպքում պաշտպանի մանդատը պետք է օգտագործեմ այս շարունակվող խախտումը կոնկրետ փաստերով ցույց տալու, ու թե ինչպես է դա անդրադառնում մարդկանց գործունեության, սեփականության և կյանքի իրավունքի վրա»,–ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` այս պարագայում ՄԻՊ–ը պետք է նաև առաջարկությունները գեներացնի և իշխանությանը ներկայացնի։ Օրինակ, ասի, որ այսինչ վայրում դպրոցի կառուցումը չի լուծում մարդկանց կրթության իրավունքի հարցը։
Հավելենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. փետրվարին։