ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է համագործակցության ընկերական մթնոլորտ. Դավթյան

Արտակ Դավթյանն ու Իգոր Կրասնովը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կարևորել է ՌԴ դատախազության` Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերի շրջանակում իրենց ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցների գործունեությունը: Դավթյանը նման կարծիք է հայտնել ՌԴ դատախազության կազմավորման 300-ամյակի և ՌԴ դատախազության աշխատակցի օրվա առթիվ Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին հղած իր ուղերձում։

«Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը նպաստում են նրանց սպասարկման շրջանակում օրինականության պահպանմանը, ռիսկի գոտում գտնվող ազգաբնակչության անվտանգության և խաղաղ գոյության իրավունքի պաշտպանությանը»,–ասել է Դավթյանը։

Նա նշել է, որ նշանակալի այս իրադարձությունը խորհրդանշում է ՌԴ պետական առանցքային ինստիտուտներից մեկի կայացման ու զարգացման ահռելի ճանապարհը, ինչպես նաև դեռևս Պետրոս Առաջինի կողմից դատախազության հիմնադրման գաղափարի հիմքում ընկած՝ անօրինության, անարդարությունների, օրենքների անբեկանելի կատարման նկատմամբ հսկողության առաքելության արդիականությունը:
Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստան
Ուղերձում ասվում է, որ ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև հաստատվել է բազմավեկտոր համագործակցության ջերմ, ընկերական մթնոլորտ՝ հիմնված հանցավորության դեմ պայքարում երկու կառույցների նպատակների և տեսլականների ընդհանրության վրա:
Վերջինս նաև նպաստել է երկկողմ մասնագիտական ռեսուրսների կատարելագործմանը, փորձի փոխանակմանն ու շփումների մերձեցմանն ուղղված բազմաթիվ համատեղ միջոցառումների իրականացմանը:
Հարցն ամբողջությամբ լուծված չէ. Արթուր Դավթյանը՝ ռազմագերիների վերադարձի մասին
Դավթյանը հավելել է, որ իրավական փոխօգնության կառուցակարգերի արդյունավետ գործարկումը, մեր քաղաքացիների իրավունքների քրեաիրավական պաշտպանությունը և տարբեր մակարդակներով երկու երկրների դատախազությունների փոխգործակցությունն օգնում են լուծել ոչ միշտ օրենսդրորեն հստակ կարգավորվող հարցեր։
Հիշեցնենք, որ Դավթյանն աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել հունվարի 11-ին` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության դատախազության կազմավորման 300-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին: