ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։
2021-ի դեկտեմբերի 22-ին ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանը հայտնել էր, որ պաշտոնավարման ժամանակ զանգեր է ստացել նաև տարբեր խնդրանքներով` այս կամ այն շինությունը կառուցելու, այստեղ կամ այնտեղ առևտրի կետ դնելու մասին, որոնք մերժել է` հայտարարելով, որ ինքն աշխատելու է օրենքով։
Եվ, այսպես, դատախազությունից հայտնեցին, որ Մարությանը հրավիրվել և ներկայացել է ոստիկանություն, սակայն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։
«Մարությանն ասել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել։ Ըստ նրա` դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ»,–ասացին դատախազությունից։
Այսինքն` այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել:
Հիշեցնենք` 2021-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։
Օրեր անց` դեկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։