ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման հարցում». Կլաար

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ (30 նոյեմբերի, 2021թ). Երևան. Արխիվային լուսանկար
Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել հայ–ադրբեջանական սահմանին գրանցված վերջին լարվածության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. ԵՄ-ն պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ «զինված ուժերի հետքաշման համար»։ Twitter-ի իր էջում նման հայտարարություն է արել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին հունվարի 11–ի գրանցված միջադեպերին:
Կլաարը, մեկնաբանելով իրավիճակը, հաստատել է Եվրամիության պատրաստակամությունը աջակցություն ցուցաբերել սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում, ինչպես նաև խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
«Խորապես մտահոգված եմ սահմանին նոր միջադեպերի և զոհերի մասին լուրերով։ Կարևոր է, որ կողմերը նվազեցնեն էսկալացիան և լիովին կիրառեն առկա մեխանիզմները, մասնավորապես, նման դեպքերում օգտվեն թեժ գծից, որը ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերին ԵՄ-ի հովանու ներքո», - գրել է Կլաարը Twitter-ի իր էջում:
Հիշեցնենք` երեկ ՊՆ–ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ–ն ժամը 15։15-ի սահմանում կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կիրառել են հրետանի և ԱԹՍ, հայկական կողմն ունի 2 զոհ և 2 վիրավոր։ Այսօր ՊՆ–ն տեղեկացրեց, որ հայկական կողմը ևս մեկ զոհ ունի։