ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է 2022 թվականին ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի փոխնախագահ: Այս մասին տեղեկանում ենք Մարդու իրավունքների խորհրդի թվիթերյան էջում արված գրառումից:
Նշվում է, որ Հովհաննիսյանն ընտրվել է Արևելյան Եվրոպայի պետությունների խմբից:
2022 թվականին Մարդու իրավունքների խորհուրդը նախագահելու է Արգենտինան` Ֆեդերիկո Վիլեգասի (Federico Villegas) գլխավորությամբ։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի մյուս երեք փոխնախագահների պաշտոնները զբաղեցնում են Գերմանիայի, Ուզբեկստանի և Լիբիայի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Հովհաննիսյանը 2019 թվականի ապրիլին է նշանակվել Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ։
Նա Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է։
Ի դեպ, Արգենտինան պատմության մեջ առաջին անգամ է ստանձնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նախագահությունը. նման որոշում է կայացվել 2021-ի դեկտեմբերի 6-ին։