ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Նուր–Սուլթանում է։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այսօր ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Սերժան Աբդիկարիմովը։
«Նազարբաևը հեռախոսով մի քանի անգամ զրուցել է բարեկամ երկրների ղեկավարների հետ և մշտական կապի մեջ է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Մշտապես հետևում է իրավիճակին», - նշել է դեսպանը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ –Տոկաևը ստորագրել էր երկրի կառավարության հրաժարականի մասին հրամանագիրը։
Նույն օրը Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։