ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայտնի ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նախկին ամուսինը` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, ցանկանում է ժամանել Մոսկվա, հանդիպել Պուտինին և գործարք կնքել ադրբեջանցի Ագալարովների ընտանիքի հետ։
Երգչի ծրագրերի մասին Billboard ամսագրին հայտնել է Քանյեի խորհրդական Ամիր Սուդանը։
«Ռուսաստանը կլինի Քանյեի երկրորդ տունը, նա այնտեղ շատ ժամանակ կանցկացնի»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, պարբերականը հիշեցրել է, որ նոյեմբերին` իր հարցազրույցներից մեկում, Ուեսթն իրեն կոչել էր «երիտասարդ Պուտին»։
«Մշակույթը նավթն է, իսկ ես վերջին 20 և առաջիկա 2000 տարվա մշակույթի արքան եմ»,– հայտարարել է ռեփերը։
Ամիր Սուդանի օգնությամբ Ուեսթը պատրաստվում է նոր համաձայնագրեր կնքել Նյու Յորքի իրավաբան Սքոթ Բալբերի միջոցով, որի հաճախորդների թվում են ադրբեջանական ծագմամբ ռուսաստանցի գործարար, «Կրոկուս» շինարարական ընկերության ղեկավար Արաս Ագալարովը և նրա որդին` Էմինը (որն իրեն փորձում է որպես երգիչ և որի հետ Քանյեն ցանկանում է երաժշտություն ձայնագրել): Նրանց հետ Ուեսթը ցանկանում է մի շարք գործարքներ կնքել, ինչի արդյունքում նրա կարողությունը կարող է աճել մինչև 10 և ավելի մլրդ դոլար:
Մոսկվայում Ուեսթը նաև ցանկանում է տալ իր կիրակնօրյա քրիստոնեական համերգներից մեկը, որն անցկացնում է 2019 թվականից:
Նշենք, որ Ուեսթի և Ագալարովների ընդհանուր ծանոթը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։ Ագալարովների ընտանիքը վերջինիս հետ քննարկել է համատեղ նախագծեր, իսկ Ուեսթը բացեիբաց հանդես է եկել նրա օգտին: