Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ

ՀՀ ԱԳ նախարարը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարևորությունը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։
Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել հունվարի 11-ին, ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
Հայաստանն ԱՄՆ-ին է փոխանցել հետախուզման մեջ գտնվող մի ամերիկացու
«Կողմերն ընդգծել են, որ այդ ձևաչափում անհրաժեշտ է աշխատանքները լիարժեք վերականգնել։ Միրզոյանը տեղեկացրել է վերջին օրերին Ադրբեջանի ԶՈւ կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումների մասին և կարևորել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլերի իրականացումը»,– նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից և հավելում, որ անդրադարձ է կատարվել նաև հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերին:
Միրզոյանը կարևորել է ռազմագերիների ազատ արձակման, անհետ կորածների ճակատագրի պարզաբանման, աճյունների փոխանակման վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի հայտարարությունը։
ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի ու Թուրքիայի միջև երկխոսության գործընթացին: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է նաև Ղազախստանում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարցի շուրջ հայկական կողմի դիրքորոշումը:
Անդրադաձել է կատարվել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության այլ հարցերին։
Զրուցակիցները նաև շնորհավորել են միմյանց 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել հայ-ամերիկյան երկխոսության զարգացման դինամիկայի առնչությամբ՝ հիմնված ընդհանուր արժեքների՝ ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության վրա: