Կրակը վարվում է ադրբեջանական այն դիրքերից, որոնք ՀՀ ինքնիշխան տարածքում են. Թաթոյան

Արմեն Թաթոյանը Գեղարքունիքում. Արխիվային լուսանկար
2021թ. մայիսից` ադրբեջանական ներխուժումներից հետո, նրանց տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ադրբեջանական ԶՈւ–ի կողմից ՀՀ Գեղարքունիքի մարզի Նորաբակ, Վերին Շորժա և Ներքին Շորժա գյուղերի հարևանությամբ տեղակայված ՀՀ Զինված ուժերի դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ ահազանգեր է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՄԻՊ աշխատակազմի մամուլի ծառայությունը ֆեյսբուքյան իր էջում։
Հայտնել էինք, որ ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նրանք կիրառել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած փաստերը հաստատում են, որ կրակը վարվում է առավելապես ադրբեջանական այն դիրքերից, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: Խոսքը 2021թ. մայիսի ներխուժումների մասին է»,– ընդգծում են պաշտպանի գրասենյակից:

Նշվում է, որ այդ տեղակայումները ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ են՝ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող արոտավայրերում, վարելահողերում ու խոտհարքներում և զուրկ են իրավական որևէ հիմքից:
Ագրեսիվ կրակը ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ է՝ քաղաքացիական բնակչության կյանքի ու անվտանգության, մյուս կենսական իրավունքների համար իրական վտանգավոր եղանակով: Ուստի, ՀՀ զինված ուժերն անմիջականորեն պաշտպանում են ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը, ապահովում են մարդկանց անվտանգությունը:
Գյուղում կրակոցները լսվում են, վիրավորներ ունենք. Նորաբակի վարչական ղեկավար
Պաշտպանն ասել է, որ ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում հանցանքների՝ Գեղարքունիքում այսօր ՀՀ 2 զինծառայողին սպանելու, նրանց կյանքի իրավունքը խախտելու համար, վիրավորում ստացած զինծառայողների առողջությանը վնաս պատճառելու, ինչպես նաև քաղաքացիական բնակչության անվտանգությունը խաթարելու, մարդկանց նկատմամբ ագրեսիայի համար:
ՀՀ ՊՆ–ն այսօր երեկոյան հայտնեց, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով 2 հայ զինծառայող է զոհվել։