ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ներդնելու հարցն ընդգրկված է կառավարության գործունեության 2021-2026 թվականների ծրագրում, և իշխանությունը չափազանց կարևորում է այդ համակարգի ներդրումը: Այս մասին, վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը նվիրված խորհրդակցության ժամանակ:
«Երեկ էլ քննարկում էինք առողջության ապահովագրության համակարգի ներդրման հարցը և հընթացս հանգեցինք այն եզրակացության, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը ևս կարևոր է, որպեսզի կարողանանք առողջության ապահովագրության արդյունավետ և արդար համակարգ ունենալ»,–ասել է Փաշինյանը:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է առաջարկվող համակարգի ընդհանուր նկարագիրը՝ հայտարարագրման ներկայիս համակարգի հետ համեմատական վերլուծությամբ:
Խորհրդակցությանը քննարկվել են հայտարարագրման նպատակներին, պահանջներին, արդյունավետությանը, ծախսային մոտիվացիոն մեխանիզմներին, եկամտահարկից ծախսերի փոխհատուցման ուղղությունների բազմազանեցմանն առնչվող և այլ հարցեր:
Անդրադարձ է եղել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ առաջիկա անելիքներին:
Համակարգի արդյունավետ գործարկման համար Նիկոլ Փաշինյանը կարևորել է թվային գործիքակազմի կիրառումը և տեխնոլոգիական հարթակների ձևավորումը:
Վարչապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին համապատասխան: