ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների սադրանքը հերթական դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների, որոնք սկիզբ են առել 2021թ․ մայիսի 12-ից ՀՀ ինքնիշխան տարածք ներթափանցմամբ և շարունակվել պարբերական զինված հարձակումներով։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն այսպես է արձագանքել այսօր գրանցված սահմանային միջադեպերին` խստորեն դատապարտելով ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ կողմից հրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ ուղեկցված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը։
Հայտնել էինք, որ հունվարի 11–ին, ժամը 17։30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները վերսկսել են կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նրանք կիրառել են նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ԶՈւ զինծառայողներ Արթուր Արտյոմի Մխիթարյանը և Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը, ևս երկու զինծառայողներ վիրավորվել են:
«Խորին ցավակցություն ենք հայտնում զոհված զինծառայողների ընտանիքներին ու հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորված զինծառայողներին»,–ասված է արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն փաստին, որ պաշտոնական Բաքուն, շարունակելով ոտնձգությունները Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը, և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը:
«Հայկական կողմը բազմիցս նշել է, որ իրավիճակի հետագա սրացումից խուսափելու միջոցներից մեկը կարող է լինել հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշումը և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկումը»,–ասված է հաղորդագրության մեջ:
ՀՀ ԱԳՆ–ն ադրբեջանական իշխանություններին կոչ է անում զերծ մնալ սադրիչ գործողություններից և կատարել Սոչիի եռակողմ հայտարարությամբ և Բրյուսելյան հանդիպման արդյունքներով ստանձնած՝ տարածաշրջանում կայունության հաստատման հանձնառությունը։