ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Արտաշատի Իսահակյան փողոցում բնակվող 64-ամյա մի տղամարդ տանն ապօրինի զենք-զինամթերք է պահել։ Ինչպես հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, Արտաշատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում տեղեկությունը ստացվել է հունվարի 10-ի առավոտյան։
Նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները զննել են տղամարդու տունն ու օժանդակ շինությունները։ Զննության արդյունքում տան տարբեր հատվածներում հայտնաբերվել են «Ֆ-1» տիպի նռնակ՝ իր պայթուցիչով, և ինքնաձիգի փամփուշտներ, որոնք առգրավվել և ուղարկվել են փորձաքննության։
Իսկ հունվարի 11-ին Արտաշատի քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ Ոստան գյուղում բնակվող 55-ամյա մի տղամարդ տանը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Տան զննությամբ Արտաշատի ոստիկանները հայտնաբերել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված ընդհանուր 54 փամփուշտով, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 900-ից ավելի փամփուշտ։
Հայտնաբերվել է նաև առանց փաստաթղթերի գազային ատրճանակ։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները պարզվում են։