Ադրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Վերին Շորժայի հատվածում. վիրավոր ունենք

Գեղարքունիք. Արխիվային լուսանկար
Ժմը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր, ժամը 15։15-ի սահմաններում կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Կրակոցների հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Հայկական կողմի պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ ժամը 17։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ները հայտնել էին, որ կրակոցների հետևանքով ադրբեջանցի զինծառայող է զոհվել։
«Գյուղում կրակոցները պարզ լսվում էին». ադրբեջանցիները կրակել են Գեղարքունիքի ուղղությամբ
Հիշեցնենք, որ Արցախում էլ վերջին օրերին ադրբեջանական 3 սադրանք է գրանցվել։
Կարմիր շուկայի ուղղությամբ ադրբեջանցիները խոցել են տան բակում կանգնած քաղաքացիական մեքենան, որը պայթել է, Նախիջևանիկ գյուղի այգիներում աշխատող տրակտորի և 4 քաղաքացիական անձանց ուղղությամբ ինտենսիվ կրակ է վարվել, իսկ երրորդ միջադեպը գրանցվել է Շուշիի հարակից հատվածով անցնող ճանապարհին, որտեղ ադրբեջանցիները քարերով հարվածել են հայ խաղաղ բնակչի մեքենային։