ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի - Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր խորհրդակցություն է կայացել, որի ընթացքում քննարկվել է Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` հայեցակարգը ներկայացրել են առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նրա տեղակալ Լենա Նանուշյանը:
Նշվել է, որ հայեցակարգի մշակման գործընթացում ուսումնասիրվել են մի քանի մոդելներ, և հիմքում դրվել է պետական առողջապահական համակարգի գաղափարը: Բարեփոխման նպատակը պետության սոցիալական պատասխանատվության և բնակչության սոցիալական համերաշխության սկզբունքների հիման վրա առողջապահության կայուն ֆինանսավորման համակարգի ստեղծումն է և բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովումը:
Ներկայացվել են համակարգի ներդրման ֆինանսական գնահատականի, հիմնական ծառայությունների փաթեթի կազմման, ապահովագրվող բնակչության խմբերի սահմանման, անհրաժեշտ ծախսերի հաշվարկման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նշվել է, որ նախագիծը քննարկման փուլում է շահագրգիռ գերատեսչությունների հետ, հաստատումից հետո նախատեսվում է նաև համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթի մշակում: ԱՆ պատասխանատուներն ընդգծել են, որ համակարգի հաջող ներդրման կարևոր գրավական է ոլորտի մյուս բարեփոխումների զուգահեռ իրականացումը՝ ենթակառուցվածքների բարելավումը, էլեկտրոնային առողջապահության զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի կարողությունների հզորացումը և այլն:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է այնպիսի մոդելի ներդրում, որը կերաշխավորի ծախսարդյունավետ և որակյալ առողջապահական համակարգի գործունեությունը: Փաշինյանը հանձնարարել է խորհրդակցության արդյունքներով լրամշակել հայեցակարգի նախագիծը և ներկայացնել ամփոփիչ քննարկման: