ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Հայաստանում սուր շնչառական վարակների սեզոնի ընթացքում A տեսակի գրիպի H3N2 ենթատեսակի շուրջ 137 դեպք է հայտնաբերվել։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելլա Աբովյանը։
Նրա խոսքով`գրիպի A տեսակը ի տարբերություն B տեսակի, թիրախավորում է երեխաներին (հիմնականում 0-5 տարեկան) և շատ ավելի արագ է տարածվում գրիպի այլ տեսակների համեմատ։
Այս պահին Հայաստանում սուր շնչառական վարակների փոքր–ինչ կայուն վիճակը պայմանավորված է ուսումնական հաստատությունների ժամանակավոր արձակուրդով։
«Իրականացվում է ամենօրյա մշտադիտարկում։ Հետագայում, ելնելով մշտադիտարկման արդյունքներից, կմշակենք համապատասխան առաջարկություններ»,–ասաց Աբովյանը։
Մասնագետի խոսքով, քանի որ կորոնավիրուսի և գրիպի ախտանշանները նույնն են, ապա չի կարելի ինքնաբուժությամբ զբաղվել, պետք է անպայման դիմել բժշկի և կորոնավիրուսի թեստ հանձնել։
Հունվարի 1-ի դրությամբ սուր շնչառական հիվանդության բազմաթիվ դեպքեր են գրանցվել Արարատի և Տավուշի մարզերում։ Բժշկական կազմակերպություններում հոսպիտալացվել է 592 հիվանդ, որոնց 94 տոկոսը 0-18 տարեկան են: 13 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մեծ մասը 0-ից 5 տարեկան երեխաներ են։