Արցախի հրշեջ փրկարարները ադրբեջանցիների կրակոցների թիրախում են հայտնվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի – Sputnik. Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հրապարակել է Կարմիր շուկայում ադրբեջանական զինուժի կրակահերթից այրված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայի լուսանկարներն ու տեղեկացրել, որ հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում։
Նշենք, որ այսօր ժամը 14:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից կրակահերթ են բացել Մարտունու շրջանի Կարմիր շուկա-Թաղավարդ համայնքների ուղղությամբ:
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է ադրբեջանական ԶՈւ կրակահերթի տակ ընկած ավտոմեքենայի լուսանկարները (10 հունվարի, 2022թ). Արցախ
«Խաղաղ բնակչությանը թիրախավորելու հերթական սադրանքից՝ Կ.Շուկայի համայնքային գործող մանկապարտեզի հարևանությամբ այրվել է կայանված «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենա»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքի վայր մեկնած հրշեջ փրկարարները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ևս հայտնվել են կրակոցների թիրախում: Մոտ 10 րոպե տևած կրակահերթերից, նախնական տվյալներով, տուժածներ չկան:
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է ադրբեջանական ԶՈւ կրակահերթի տակ ընկած ավտոմեքենայի լուսանկարները (10 հունվարի, 2022թ). Արցախ
Դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել են մեքենայի բեռնախցիկ թափանցած գնդակները: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների ծառայողները:
Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար կայուն է, նշել են ոստիկանությունից։
Միջադեպի մասին տեղեկություն էր հաղորդել նաև Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը։
Արցախի Տեղեկատվական շտաբը հրապարակել է ադրբեջանական ԶՈւ կրակահերթի տակ ընկած ավտոմեքենայի լուսանկարները (10 հունվարի, 2022թ). Արցախ
Նշվում էր, որ միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը և ձեռնարկվել են միջոցներ՝ ադրբեջանական կողմին հրադադարի պահպանման ռեժիմին վերադարձնելու ուղղությամբ:
Գերատեսչությունից նաև հերքել էին ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած լուրը, համաձայն որի ՊԲ-ի ստորաբաժանումներն ավտոմեքենայից կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ինչպես արդեն հայտնել էինք, հունվարի 8–ին էլ ադրբեջանական զինուժը կրակոցներ է արձակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա համայնքին կից սահմանների ուղղությամբ։