Վերակազմակերպումն անհետաձգելի է. Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի

Նորին Սրբությունը հայրապետական հռչակագրում նշել է, որ որոշումը պայմանավորված է Սփյուռքի ներկայիս իրավիճակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը 2022 թվականը հռչակել է Սփյուռքի տարի։
Այդ մասին հայրապետական հռչակագիրն ընթերցվել է հունվարի 9-ին` Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում մատուցված պատարագի ժամանակ։
Նման որոշումը պայմանավորված է Սփյուռքի ներկայիս իրավիճակով և հայի կյանքում ունեցած առանցքային դերակատարությամբ։
Ինչո՞ւ է Թուրքիան փորձում սեպ խրել Հայաստանի ու սփյուռքի միջև
Հռչակագրի մեջ մասնավորապես նշված է, որ հայ ժողովուրդը բազմաթիվ մարտահրավերների է դիմագրավել, իսկ Սփյուռքը՝ ավելի շատ, քանի որ այնտեղ անորոշություն ու ինքնության փնտրտուք է տիրում։ Դրանք անհետաձգելի են դարձնում Սփյուռքի վերակազմակերպումը։
Կաթողիկոսն ընդգծել է, որ արտագաղթը մշտական երևույթ է հայոց պատմության մեջ` տնտեսական ու քաղաքական պատճառներով։ Ներկայիս Սփյուռքը ավանդական, սովետական ու հայաստանյան սփյուռքների ոչ ներդաշնակ խառնուրդ է, որտեղ հայ լինելու բնութագիրը հստակ գծեր չունի։
Նշվում է նաև, որ թեև ազգային ավանդական կառույցներն անցյալում էական դերակատարություն են ունեցել, այսօր ժամանակավրեպ դառնալու վտանգի տակ են իրենց գործելաոճով ու ոչ արդիական օրակարգով։
Սփյուռքի գործերի հանձնակատարների թեկնածուներ կան. ի՞նչ չափանիշներ են սահմանված նրանց համար
Այնուհետև Նորին Սրբությունը մանրամասն անդրադարձել է լեզվին, նոր սերնդին հայկական ինքնության ազդակների մեջ պահելու, ներգաղութային ու միջգաղութային հարաբերություններին, հայրենադարձությանն ու ազգային ռազմավարության ստեղծման անհրաժեշտությանը։
Արամ Առաջինը խոսքը եզրափակել է շեշտելով, որ հայ ժողովուրդը պետք է միշտ ինքն իրեն վերաարժևորի՝ փոխվող ժամանակներին ու մարտահրավերներին համահունչ, իսկ Սփյուռքը ներկա վիճակում թողնել` կնշանակի արագացնել նրա ինքամաշումը։ Սփյուռքի վերակազմակերպումը նրա, հետևաբար՝ Հայաստանի ու Արցախի հզորացումն է, ու դա համազգային առաջնահերթություն է, նշել է կաթողիկոսը։