ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանին հունվարի 9-ին նիստ է հրավիրել, որի օրակարգում է համայնքապետի ընտրությունը։ Նիստը կայանում է Փարաքարի մշակույթի տանը։
Արդեն 2 շաբաթ է, ինչ Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։
Ընտրությունների արդյունքում հաղթել է «Ապրելու երկիրը», որի համայնքապետի թեկնածուն Վալոդյա Գրիգորյանն է, սակայն «Դավիթ Մինասյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել են կոալիցիա և ներկայացրել են իրենց միասնական թեկնածուին` Դավիթ Մինասյանին։ Ավագանու 3 նիստ արդեն տապալվել է։ Հունվարի 9-ին նշանակվել է նորը։
Նիստին ներկա է նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Լրագրողի հարցին, թե ինչ անհանգստություններ ունի պատգամավորը, որ ժամանել է Փարաքար համայնքի ավագանու նիստին, Սարգսյանը նշեց. «Ոչ մի, չունեմ անհանգստություն»։
Ավագանու նիստը կրկին սկսվեց վիճաբանությամբ, քանի որ անհամաձայնություններ կային գրանցումների վերաբերյալ։
Նշենք, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
2021 թվականի դեկտեմբերի 23-ին կայացել էր Փարաքարի ավագանու առաջին նիստը, որի ժամանակ, սակայն այդպես էլ չէին կարողացել համայնքապետ ընտրել։
«Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել էր ամենաշատ մանդատները և դրա հիման վրա էլ համայնքապետի պաշտոնում առաջադրել էին իրենց թեկնածուին` Վոլոդյա Գրիգորյանին։ Նույն օրը տեղի էր ունեցել կրկնակի նիստ, որի ժամանակ 11 «կողմ» ձայներով համայնքի ղեկավար էր ընտրվել «Դավիթ Մինասյան» դաշինքի ներկայացուցիչը (իշխող ուժի ներկայացուցիչները քվեարկել էին նրա օգտին)։
Կողմերից յուրաքանչյուրը կարծում է, որ հենց իր թեկնածուն է համայնքի օրինական ղեկավարը։
Այդ օրը «Դավիթ Մինասյան» դաշինքը նաև դատարան հայց էր ներկայացրել ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով: Դատարանն էլ դեկտեմբերի 30-ին բավարարել էր պահանջը։