ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու նիստին անսպասելի շրջադարձ եղավ` «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամները հայտարարեցին, որ վայր են դնում մանդատները։
Համայնքում արդեն 2 շաբաթ է՝ փորձում են համայնքապետ ընտրել, սակայն 3 նիստ արդեն տապալվել է, և 4-րդն էլ սկսվել է տարաձայնություններով։
Մանդատների վայր դնելու վերաբերյալ հայտարարությունն արեց «Ապրելու երկիր» խմբակցության համայնքապետի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը։
«Համերաշխության ֆոնը պահպանելու համար` հանուն մեր համայնքի ժողովրդի, մեզ ու ձեզ տված քվեի ու վայր ենք դնում մեր մանդատները։ Պետք է չլինեն տարաձայնություններ, շնորհակալ եմ բոլորիցդ»,– ասաց Գրիգորյանը։
Ավագանու անդամները դահլիճից դուրս գալուց բացականչեցին. «Կեցցե ժողովրդավարությունը»։ «Դավիթ Մինասյան» դաշինքի ավագանու անդամ Գոռ Սարիբեկյանն էլ հայտարարեց, որ համայնքապետի իրենց թեկնածուն Դավիթ Մինասյանն է, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից հայտարարեցին, որ սատարում են այդ թեկնածուին։
Հունվարի 9-ին հրավիրված նիստին ներկա էր նաև ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ արդեն 2 շաբաթ է, ինչ Փարաքարում չեն կարողանում համայնքի ղեկավար ընտրել։
Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Փարաքարում 10 մանդատ էր ստացել «Ապրելու երկիր» կուսակցությունը, 9 մանդատ՝ «Դավիթ Մինասյան» կուսակցությունների դաշինքը, 2-ը՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։