Կհասցնի՞ արդյոք Թուրքիան «ղազախական ճեպընթացի» վերջին վագոնին

Ռուսական կողմի և ՀԱՊԿ-ի կայծակնային արձագանքը Էրդողանին փակուղի մտցրեց։ Անկարան ուզում էր, որ Տոկաևը դիմի Թյուրքական պետությունների կազմակերպությանը (ԹՊԿ), սակայն Ռուսաստանը նորից առաջ անցավ Թուրքիայից։ Այս անգամ՝ ասիական շրջադարձում։
Sputnik
Պետք է հասկանալ՝ сui рrodest (ում է ձեռնտու-խմբ.), և ամեն ինչ իր տեղը կընկնի։
Ներկայիս ղազախական ճգնաժամը, մեծ հաշվով, ընդամենը կյանքի առօրյան է։ Բավականին կանխատեսելի առօրյա, որը երբեմն կարող է առավել արդյունավետ լինել, քան քաղաքական ընդդիմախոսի կողմից հոյակապ մտածված անսպասելիությունը։ Եվ այս դեպքում առաջատար քաղաքագետների և մասնագետների խորը մտածված մեկնաբանություններն էլ պետք չեն։ Կարիք չկա իմանալ ուժերի մանրամասն դասավորությունը ի սկզբանե պայթյունավտանգ տարածաշրջանում՝ դավադրապաշտական վարկածների շղթա կառուցելու համար։
Ում փողն է փչում Դավութօղլուն, կամ ի՞նչ սև կատու է անցել Ղազախստանի և Թուրքիայի միջև
Ընդամենը պետք է հասկանալ, թե сui рrodest՝ ո՞ւմ է դա ձեռնտու (լատ․)։ Եվ այդ ժամանակ տարածաշրջանի ամենակայուն երկրի բնակչության «գազային ցույցերի» հետևում, ցույցեր, որոնք հանկարծ մի ժամում վերածվեցին փողոցային մարտերի՝ տասնյակ զոհերով, միանգամայն հստակ ու շոշափելի նկատվում է տիկնիկ խաղացնողների մի ամբողջ խումբ։ Կիրառված տեխնոլոգիան այնքան մաշված է, որ անգամ փաստեր պետք չեն։
Փաստերն, իհարկե, համառ բան են, և մեծ քաղաքականության մեջ առանց փաստերի ոչնչի չես հասնի։ Իսկ ղազախական ճգնաժամի փաստերն ասում են, որ զգացմունքների պայթյունը, որն արագ վերածվեց նախ՝ գազային, ապա՝ մարտական նռնակների պայթյունների, տեղի ունեցավ Ժնևում (հունվարի 10, Ռուսաստան-ԱՄՆ) և Բրյուսելում (հունվարի 12, Ռուսաստան-ՆԱՏՕ) կայանալիք և ժամանակակից քաղաքակրթության համար ճակատագրական (չեմ չափազանցնում) հանդիպումների բառացիորեն նախօրեին։
Այս անգամ վառոդի տակառը պայթեց մի տարածաշրջանում, որն անվանում են «Ռուսաստանի հարավային դարպասը»։ Եվ անգամ ամենահարգարժան և ամենավարպետ քաղաքագետները հիմա արդեն չեն կարող պնդել, թե Կենտրոնական Ասիայում սկսված ճգնաժամն այդ «դարպասներին» չի վերաբերում, ինչպես ասում էին Աֆղանստանում ամառվա իրադարձություններից հետո։
ՌԱԴԻՈ
«Մեծ Թուրանի» գաղափարը խեղդվեց Ղազախստանում. միջազգայնագետը` ԱՄՆ-Թուրքիա սիրախաղի մասին
Այժմ վտանգ սպառնում է հենց Ռուսաստանի՝ 7600 կիլոմետր երկարությամբ հարավային սահմաններին։ Վտանգը միանգամայն շոշափելի է, եթե հաշվի առնենք Ղազախստանում իրադարձությունների զարգացման սարսափազդու ինտենսիվությունն ու արագությունը։ Հաշվի առնելով հսկայական ֆինանսական, տնտեսական, առևտրային և ենթակառուցվածքային կապերը, որոնցով բառացորեն փաթաթված են երկու երկրների փոխհարաբերությունները։
Հաշվի առնենք 20 տոկոս ռուս բնակչությունը (ոչ թե ռուսալեզու, այլ հենց ռուս), որն ապրում է տարածաշրջանի ամենամեծ երկրի տարածքում։ Հաշվի առնենք այն, թե Ղազախստանում զգացմունքների պայթյունը որքան ձեռնտու է այն ուժերի համար, որոնք երկրագնդի աշխարհաքաղաքական քարտեզի ամենատարբեր կետերում հակամարտում են Ռուսաստանի հետ։ Սրանք բոլորը աքսիոմներ են, որոնք ապացույց չեն պահանջում։ Աքսիոմ է նաև այն, որ մեծ խաղում, որը հիմա ընթանում է Ռուսաստանի դեմ, պատահականություններ չեն լինում։

Ղազախական «գազային» ցույցերի ժամանակ երևացին եվրո-ռուսաֆոբները

Այսպիսով, сui рrodest հարցի պատասխանը գտնում ենք մեկ փորձից, որքան էլ ԱՄՆ Պետդեպի (ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն) և Եվրախորհրդարանի (ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը) պաշտոնյաները խելոք ելույթներ ունենան ռուսական կողմի կտրուկ շարժումների թեմայով։ Ռուսաստանի կտրուկ և վճռական արձագանքը Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին անականկալի բերել արևմտյան դիվանագետներին․ նրանք ուրիշ զարգացում էին սպասում։
Հիշեցնեմ՝ ՀԱՊԿ-ի մասին, որին դիմել էր Ղազախստանի ղեկավարությունը, Բլինքենն ասել է հետևյալը․ «Կարծում եմ՝ ոչ հեռավոր պատմության դասերից մեկն այն է, որ եթե ռուսները հայտնվում են ձեր տանը, երբեմն շատ դժվար է լինում ստիպել նրանց հեռանալ»։ Իսկ Բորելը ՀԱՊԿ-ի խաղաղապահ գործողությունը հետևյալ կերպ է մեկնաբանել․ «Արտաքին ռազմական օգնությունը հիշողություններ է արթնացնում իրավիճակների մասին, որոնցից հարկավոր է խուսափել»։
Թյուրքական պետությունների կազմակերպությունը կաջակցի Ղազախստանին. Չավուշօղլու
Խաղաղապահ առաքելությանը առանձին եվրոպական երկրների արձագանքի մասին խոսելու բան այս պահին չկա։ Եվրոպական այն մայրաքաղաքները, որոնք կարծիքն իմաստ ունի դիտարկել և մեկնաբանել (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա և Իսպանիա), առայժմ գերադասում են լռել, մտածել և հետևել իրադարձությունների զարգացմանը։ Իսկ Արևելյան Եվրոպայի՝ ակնհայտ ռուսատյաց դիրքորոշումներով հայտնի երկրների (Լեհաստան, Ուկրաինա, Մերձբալթյան երկրներ) արձագանքն այնքան կանխատեսելի է, որ այդ մասին խոսելն իմաստ չունի։
Առավել ևս, որ ղազախական «գազային ապստամբության» առաջին իսկ օրերին հենց Վարշավան ու Կիևն էին, որ բացեիբաց երևացին «բողոքի շարժման» կազմակերպման իրենց գործառույթներով։ Իսկ չէ՞ որ իրականում այդ «բողոքի շարժումը», պարզվեց, ահաբեկչություն ու դիակապտություն է՝ տասնյակ զոհերով։
ՀՀ–ն շարունակում է թշնամի համարվել Թուրքիայում. քաղաքագետը՝ Դավութօղլուի գրառման մասին
Իսկ այն մեկը, որի դիրքորոշմանն ու Ղազախստանում արյունալի իրադարձություններին արձագանքին պետք է հատուկ ուշադրություն դարձնել, ապա դա Թուրքիան է։ Այդ երկիրը, որը հավակնում է թյուրքական աշխարհի առաջնորդի կարգավիճակին, աշխարհ, որտեղ Ղազախստանը բնավ էլ վերջին տեղը չի զբաղեցնում, հանկարծ, մի ժամում դուրս մղվեց, և Անկարան, ինչպես երևում է, մտադիր չէ հաշտվել դրա հետ։ Ռուսական կողմի և ՀԱՊԿ-ի կայծակնային արձագանքը, ինչպես երևում է, Էրդողանին փակուղի է մտցրել։
Իսկ նա սովոր չէ ուշանալ, սովոր չէ զիջել և բացահայտորեն տանուլ տալ։ Հոտառությունը, որի շնորհիվ Թուրքիայի առաջնորդը ոչ հեռու անցյալում արագ ու կոշտ արձագանքում էր Մերձավոր Արևելքում ինչ-ինչ տարածաշրջանային փոփոխություններին (Լիբիա, Սիրիա), այս անգամ դավաճանեց նրան։ Մինչ Անկարայում վերլուծում էին իրավիճակը Նուր-Սուլթանում, ԵԱՏՄ մայրաքաղաքներն արդեն գործում էին՝ ՀԱՊԿ լիազորությունների շրջանակում։

Եվ արդեն երրորդ անգամ Անկարայում «արմունկներն են կրծում»

Ընդ որում՝ Ղազախստանն արդեն երրորդ դեպքն է, երբ Մոսկվան ակնհայտորեն խաղում առաջ է անցնում Անկարայից։ Առաջին դեպքը Ղրիմն էր։ Այն ժամանակ, 2014-ի Կիևի իրադարձություններից հետո, Թուրքիան, հավանաբար, համարում էր, որ Ուկրաինայում եկած իշխանությունների ակնհայտ թուլության, ինչպես նաև Ղրիմի թաթարների գործոնի առկայության դեպքում թերակղզին վաղ թե ուշ իր գրպանում կլինի։ Անկարայում այն ժամանակ չնկատեցին Ռուսաստանի քայլերը և ակնհայտ է, որ մինչև օրս «արմունկներն են կրծում»։
Երկրորդ դեպքն Արցախն էր։ Այն ժամանակ Թուրքիայի թվում էր, թե «կրտսեր եղբայր» Ադրբեջանին բավականաչափ ռազմական օգնություն է տրամադրել և ապահովել անհրաժեշտ ամեն ինչով՝ հաշված օրերի ընթացքում Արցախի ամբողջ տարածքը գրավելու համար։ Սակայն բլիցկրիգը չստացվեց, պատերազմը մեկուկես ամիս ձգձգվեց։
Ղազախստանում օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. առգրավվել է զենք ու զինամթերք
Եվ երբ արդեն թվում էր, թե վերջին քայլն է մնացել ու պետք է գրավել Ստեփանակերտը, և այդ ժամանակ ամբողջ Արցախը Բաքվի (Անկարայի, եթե անկեղծ լինենք) վերահսկողության տակ կհայտնվի, հանկարծ այնտեղ հայտնվեցին ռուս խաղաղապահները։ Թուրքիա-Ադրբեջանի տանդեմի համար ոչ բլիցկրիգ, ոչ էլ հաղթական պատերազմ չստացվեց։ Միակ բանը, որով մխիթարվում են Անկարայում, այն է, որ կարողացան խցկվել Հարավային Կովկասի տարածաշրջան։
Այն էլ՝ այն բանից հետո, երբ ամբողջ հարյուր տարի ԽՍՀՄ-ի (այնուհետև՝ Ռուսաստանի) ջանքերով այդ ճանապարհը նրանց համար փակ էր։ Իսկ Արցախը, որքան էլ էրդողանը ջանք էր թափում, նրա քթի տակից, այսպես ասած, դուրս սահեց և հայտնվեց ՌԴ վերահսկողության տակ, և հիմա բազմամյա քննարկումներ են սպասվում կարգավիճակի և այլ հարցերի վերաբերյալ արդեն դիվանագիտական դաշտում։ Թուրքերն ուրիշ բան էին ցանկանում։
Ղազախստանում անկարգությունների հետևանքների վերացման հարցերով հանձնաժողով կստեղծվի
Եվ ահա երրորդ անգամ Ռուսաստանի կայծակնային արձագանքը (արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում) Թուրքիային թևաթափ արեց արդեն Ղազախստանում։ Այս առումով հատկանշական է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ ներկայումս՝ ընդդիմության ղեկավար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը․ «Անհանգստություն է առաջացնում այն, որ այդ իրադարձությունների հետ կապված Ղազախստանի իշխանությունները դիմել են անվտանգության մի կազմակերպություն, որը Հայաստանն է գլխավորում»։ Անգամ այն, որ ՀԱՊԿ-ում ներկայումս Հայաստանն է նախագահում, խիստ անհանգստացնում է թուրքական դիվանագիտությանը։
Հասկանալի է, որ ավելի նախընտրելի կլիներ, եթե Նուր-Սուլթանը դիմեր Թյուրքական պետությունների կազմակերպությանը, որտեղ առաջին ջութակը Թուրքիան է։ Այժմ Անկարան փորձում է վերջին վագոնին հասցնել՝ հունվարի 11-ին (այլ տվյալներով՝ 10-ին-խմբ.) ԹՊԿ նախարարական հանդիպում է կազմակերպում Ղազախստանի հարցով։ Բայց գնացքն արդեն չու-չո՜ւ․․․ Ղազախստանի բոլոր կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներն արդեն իսկ պաշտպանում են ՀԱՊԿ-ի խաղաղապահները։