ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ժնևում ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունների առաջիկա բանակցությունները հնարավորություն կդառնան քննարկելու Մոսկվայի մտահոգությունները ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Այժմ մեզ հնարավորություն է ընձեռվում երկխոսության և դիվանագիտության միջոցով տեսնել, արդյոք մեզ կհաջողվի լուծել Ռուսաստանի (ՆԱՏՕ–ի վերաբերյալ – խմբ.) օրինական, ինչպես նաև Եվրոպայում Ռուսաստանի վարքագծի վերաբերյալ այլ երկրների բազմաթիվ մտահոգությունները»,- ասել է Բլինկենը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ընդ որում, նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն դիվանագիտության և երկխոսության ուղին համարում է Ռուսաստանի նկատմամբ առավել նախընտրելի, սակայն պատրաստ է գործի դնել վճռական միջոցներ այն դեպքում, եթե վերջինս գնա առճակատման ճանապարհով։