Ալմաթիում կրակոցների հետևանքով 4–ամյա երեխա է մահացել

Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը
Ընդհանուր առմամբ Ղազախստանում հաստատվել է 2 երեխայի մահ, ևս 3-ը տուժել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ ևս մեկ երեխայի մահվան մասին։ Տեղեկությունը հայտնել է Sputnik Ղազախստանը։
«Փոքրիկը և իր 15-ամյա քույրը գտնվել են մեքենայի մեջ, որը կրակոցների տակ է հայտնվել։ 4-ամյա աղջիկը մահացել է տեղում, իսկ մեծ քույրը հրազենային վնասվածք է ստացել։ Նրան վիրահատել են, գտնվում է վերակենդանացման բաժնում»,– հայտնել է Արուժան Սաինը։
Նշվում է նաև, որ հունվարի 7-ին հրազենային վիրավորում է ստացել նաև 8-ամյա մի աղջիկ։
Ընդհանուր առմամբ Ղազախստանում հաստատվել է 2 երեխայի մահ, իսկ 3-ն էլ տուժել է։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ստացած հրազենային վնասվածքից էլ մահացել է 11-ամյա երեխա։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է կրակոցը։
Ղազախստանում օտարերկրյա քաղաքացիներ են ձերբակալվել. առգրավվել է զենք ու զինամթերք
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։