ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ավարտել են հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան

Հայ զինծառայողները Ալմաթիի օդանավակայան են տեղափոխվել Ռուսաստանի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով:
Sputnik
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ավարտել են հայ խաղաղապահների տեղափոխումը Ղազախստան: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում գտնվող ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Ռուսաստանի ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով հասցվել է Ալմաթիի օդանավակայան։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։