Ղազախստանում կրակոցների հետևանքով մեկ երեխա է մահացել, մեկն էլ` վիրավորվել

Շտապօգնության ավտոմեքենա
Երեխան ծնողների հետ է եղել, երբ հնչել է մահացու կրակոցը։ Եվս մեկ դեռահաս վիրավորվել է, երբ զինված անձինք կրակել են նրանց ավտոմեքենայի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. Ղազախստանի երեխայի իրավունքների հանձնակատար Արուժան Սաինը հայտնել է Ալմաթիում անկարգությունների ժամանակ 11-ամյա երեխայի մահվան մասին։
Ըստ լրատվամիջոցների՝ երեխան մահացել է հունվարի 5-ին հրազենային վնասվածքից։ Ծնողները երեխաների հետ քայլելիս են եղել փողոցով, երբ հնչել է ճակատագրական կրակոցը։
Հունվարի 7-ին էլ Ալմաթիում ծանր հրազենային վնասվածքներով 15-ամյա դեռահաս է տեղափոխվել հիվանդանոց։ Նշվում է, որ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Դեռահասի հայրը նույնպես հոսպիտալացված է։ Ընտանիքը եղել է ավտոմեքենայի մեջ, երբ զինված անձինք կրակել են նրանց ուղղությամբ։
Ալմաթիում կրկին կրակոցներ են հնչել. տեսանյութ
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։