Ղազախստանում ձերբակալվածների մոտ մեծ քանակությամբ զենք ու գումար է հայտնաբերվել. տեսանյութ

Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել էր, որ Ժամբիլի շրջանում ավելի քան 90 մարդ է բերման ենթարկվել։
Sputnik
Ղազախստանի Ժամբիլի շրջանում ձերբակալված արմատականների մոտ իրավապահները մի ամբողջ զինանոց են գտել։ Ինչպես հայտնում է Sputnik Ղազախստանը, առգրավվել են գնդացիրներ, դիպուկահար հրացաններ, ատրճանակներ ու տարբեր երկրների դրամական միավորներ` ղազախական տենգե, եվրո, դոլար և ղրղզական սոմ։
Իրավապահների հաղորդագրության համաձայն` ծայրահեղականները անկարգությունների մասնակիցներին նաև ալկոհոլ և թմրանյութեր են մատակարարել։
Ղազախստանի ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ժամբիլի շրջանում ավելի քան 90 մարդ է բերման ենթարկվել։ Այդ գործողության ժամանակ յոթ ոստիկան վիրավորվել են, մեկը՝ զոհվել։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։