ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հեռախոսազրույցի ընթացքում չեն քննարկել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների զորակազմի ավելացման հնարավորությունը: Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պոսկովը։
«Ոչ», - ասել է նա «Ինտերֆաքս» գործակալությանը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ՀԱՊԿ խաղաղապահների գործողության մեկնարկից ի վեր Պուտինին անընդհատ զեկուցում է Ղազախստանում խնդիրների կատարման համար ուժեր տեղափոխելու մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետն այսօր առանձին հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որի ժամանակ քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: