ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում

Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը

Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի իրականացման ընթացքը:
Զրուցակիցները շնորհավորանքներ են փոխանակել Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ:
ՀԱՊԿ-ի խաղաղապահները Ղազախստանում
Հայաստանը 100 խաղաղապահ է ուղարկել Ղազախստան. ՊՆ–ն լուսանկարներ է հրապարակել
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին` հեղուկ գազի թանկացման ֆոնին (ավելի ուշ թանկացման որոշումը չեղարկվեց)։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում զինծառայողներ կան Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ հրապարակած տվյալներով` ներկա պահին անկարգությունների 26 մասնակից սպանվել է, շուրջ 3000–ը` ձերբակալվել բռնություններին մասնակցելու համար։