ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում շուրջ 500 քաղաքացի պատրաստվում է ժողովրդական ուժ ձևավորել, որպեսզի ոստիկանության հետ միասին պաշտպանեն պետական օբյեկտները և խաղաղ բնակիչներին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով «Խաբար 24» հեռուստաալիքը:
«Սրտացավ ղազախստանցիները ոստիկանության աշխատակիցների հետ միասին ցանկություն են հայտնել խաղաղ քաղաքացիներին պաշտպանել անօրինականության և կողոպուտի ցանկացած դրսևորումներից»,- հաղորդում է Telegram-ը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ այդ ուժերը կպաշտպանեն կարևոր պետական օբյեկտները, ինչպես նաև այն ձեռնարկությունները, որոնք ապահովում են քաղաքի կենսագործունեությունը:
«Նրանց թվում են մարզիկներ, բժիշկներ, գործարարներ, մանկավարժներ և կամավորներ։ Ընդամենը հինգ հարյուր մարդ է հավաքվել»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։
Ղազախստանի ՆԳՆ–ի տվյալներով` ներկա պահին Ղազախստանում 3811 մարդ է ձերբակալվել, 26-ը չեզոքացվել են, 26-ը վիրավոր են: