ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Մահացել է գրող, բանաստեղծ, կոկորդիլոս Գենայի երգի հեղինակ Ալեքսանդր Տիմոֆեևսկին։
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է կինոգետ Սերգեյ Կապկովը։ Գրողը կյանքից հեռացել է 88 տարեկանում։
«Նա ոչ միայն շատերի կողմից հրատարակվող և սիրված բանաստեղծ էր, այլև անիմացիոն կինոյի իսկական գործիչ։ Աշխատել է որպես խմբագիր «Սոյուզմուլտֆիլմում» և «Էկրանում», գրել է սցենարներ, երգերի տեքստեր։ Նրա հեղինակած «Пусть бегут неуклюже» երգը դարձել է խորհրդային տարիներին ծնված յուրաքանչյուր մարդու ծննդյան օրվա օրհներգը»,- նշել է Կապկովը:
Տիմոֆեևսկին ծնվել է 1933 թվականի նոյեմբերի 13-ին, Մոսկվայում։ 1958 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի սցենարային ֆակուլտետը։
1963-1983թթ. աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում որպես խմբագիր, գրել է մուլտֆիլմերի սցենարներ և երգեր, մասնավորապես՝ «Չեբուրաշկան և կոկորդիլոս Գենան» մուլտֆիլմի հայտնի դարձած «Пусть бегут неуклюже» երգը: