Հրապարակվել են Ալմաթիում զինված քաղաքացիների ձերբակալման կադրերը․ տեսանյութ

Ոստիկանության աշխատակիցները շրջափակել են BMW ավտոմեքենան, որով երթևեկում էին զինված մարդիկ։
Sputnik
Ալմաթիում ոստիկանական հատուկ գործողության ժամանակ զինված 7 մարդ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է RT-ն։

Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել ու շրջափակել են այն BMW մակնիշի ավտոմեքենան, որով տեղաշարժվում էին զինված մարդիկ։ Մեքենայի սրահում երկու տղամարդ է եղել։ Նրանց անձնական զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ և դանակ։

Բացի այդ, հայտնաբերվել է այն բնակարանը, որում թաքնվում էին զինված մարդիկ։ Հատուկ գործողության արդյունքում 5 տղամարդ է ձերբակալվել։
Նրանց մոտից առգրավել են «Սայգա» որսորդական հրացան՝ փամփուշտներով, ռետինե և մետաղական մահակներ, բենզինի երկու հինգ լիտրանոց տարաներ, ոսկյա իրեր:
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։
Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։
ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, որոնց թվում 100 զինծառայող կա Հայաստանից։