ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմի՝ Ղազախստանում գտնվելու ժամկետը կախված է իրավիճակից ու հանրապետության ղեկավարության որոշումից։ Խաղաղապահ առաքելության ավարտին զորքերը դուրս կբերվեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Կոլեկտիվ անվտանգության խորհրդի որոշման մեջ նշված է՝ «ոչ երկար ժամանակով»։ Դա օրեր թե շաբաթներ կլինj՝ կախված է իրավիճակից, ու իհարկե, Ղազախստանի իշխանությունների դիրքորոշումից»,-հայտարարել է Զասը։
Նա հայտնել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահների թիվը կլինի մոտ 2500, որը հարկ եղած դեպքում կավելացվի։
Հիշեցնենք` Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Ամսի 4-5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։ Ոստիկանները կիրառել էին գազ և խլացուցիչ նռնակներ։ Ամբողջ Ղազախստանում անջատվել է համացանցային կապը, ժամանակավորապես դադարեցվել է մի շարք հեռուստաալիքների հեռարձակումը։
Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն է մտցրել։ Նա օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ ՀԱՊԿ-ն իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան, այդ թվում՝ 70 զինծառայող Հայաստանից։