ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ուշիուշով հետևում է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին։
«Կողմ ենք, որ բոլոր խնդիրները լուծվեն խաղաղ ճանապարհով սահմանադրական-իրավական դաշտի շրջանակներում և երկխոսության ճանապարհով, ոչ թե փողոցային անկարգությունների և օրենքների խախտման միջոցով։ Հենց դրան են ուղղված Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի քայլերը», - ասված է հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԱԳՆ կայքում:
ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնել, որ երկրում իրավիճակը շուտափույթ կկարգավորվի։
«Կապ ենք պահպանում Ղազախստանում ռուսական կառույցների հետ։ Մեր դիվանագիտական և հյուպատոսական առաքելությունների շուրջ իրավիճակը հանգիստ է։ Առկա տեղեկատվության համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում գտնվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների շրջանում տուժածներ չկան», - նշվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք` նոր տարվա առաջին օրերին Ղազախստանի Մանգիստաուի մարզի (նավթարդյունահանող տարածաշրջան երկրի արևմուտքում) Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դուրս էին եկել հանրահավաքների՝ բողոքելով հեղուկացված նավթային գազի գների կրկնակի աճից:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հանձնարարել էր իրավիճակը քննարկելու համար կառավարական հանձնաժողով ձևավորել։ Հունվարի 4-ին նա իր տեսաուղերձում կոչ էր արել հայրենակիցներին խոհեմություն դրսևորել և չտրվել ներսի ու դրսի սադրանքներին։
Ավելի ուշ կառավարությունը հրաժարական տվեց, իսկ երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ–Տոկաևը վարչապետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վստահեց Ալիխան Սմաիլովին։ Հունվարի 5-ից 19-ը Ղազախստանում արտակարգ դրություն է մտցվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ին հայտարարեց, որ որպես ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ անհապաղ խորհրդակցություններ է սկսում ՀԱՊԿ երկրների ղեկավարների հետ։ Մի քանի ժամ անց նա ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ իրավիճակի կայունացման ու կարգավորման նպատակով ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան: