ՌԱԴԻՈ

Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. Բաղդասարյան

Քաղաքագետ Արմեն Բաղասարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին և դրանց հաջորդած հետընտրական զարգացումներին։
Sputnik
ՏԻՄ ընտրություններից հետո քաղաքական վերնախավը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի տեղերում նույնպես վերցնի իշխանությունը` կիրառելով նույնիսկ ամենակոշտ մեթոդներն ու խմբագրելով ընտրությունների արդյունքները, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Այս ընտրություններում գործող իշխանությունների հիմնական զենքը վարչական լծակներն են։ Օրինակ` Վեդիում թիմակցին ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով` Նիկոլ Փաշինյանը նրա ձեռքն է տալիս բոլոր վարչական լծակները, որպեսզի նոր ընտրություններում նա հաղթելու հնարավորինս մեծ շանսեր ունենա։ Իշխանությանը հետաքրքրում է ոչ թե այն հարցը, թե ում կընտրի ժողովուրդը կամ ով ավելի լավ կղեկավարի տվյալ համայնքը, այլ հետաքրքրում է այն հանգամանքը, որ ընտրություններում հաղթեն միայն սեփական քաղաքական թիմի անդամները, հավատարիմ կադրերը»,– ասաց քաղաքագետը։

Բաղդասարյանի կարծիքով` իր նպատակին հասնելու համար իշխանությունը չի խորշում որևէ մեթոդից` և՛ վերընտրություններից, և՛ ավագանու մանդատները վայր դնելու պարտադրանքից, և՛ հաղթած թեկնածուների նկատմամբ քրեական գործեր հարուցելուց։
«Իշխանության գործելակերպը մեզ տանելու է դեպի ավտորիտար ռեժիմ, այսինքն` Փաշինյանն այդպես է ցանկանում։ Չեմ կարծում, թե կհաջողվի, բայց ամեն դեպքում տեսանելի է, որ այս ամենը որևէ առնչություն չունի ժողովրդավարության հետ։ Պարզապես Փաշինյանի իշխանությունը ընտրություններ կեղծելու այլ մեթոդներ է գտել. ոչ թե բացահայտ կեղծիքների է գնում ընտրությունների օրը, այլ փորձում է հետագայում դրանց արդյունքները տարբեր կերպ խմբագրել։ Այդուհանդերձ նպատակը նույնն է` ամեն կերպ պահպանել իշխանությունը»,– ասաց քաղաքագետը։
Բաղդասարյանի գնահատմամբ` Փաշինյանը փորձում է տեղերում իշխանությունն ամրապնդելով ապահովել իր թիկունքը, որպեսզի ապագայում մարտահրավերներով կամ սոցիալ–տնտեսական խնդիրներով պայմանավորված բողոքի ալիք բարձրանալու դեպքում ունենա հավատարիմ կադրեր ՏԻՄ համակարգում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզերի 36 համայնքներում տեղի ունեցած ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 42.48 տոկոսը։ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472 528 քաղաքացի։
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաղթանակ է տարել 36 համայնքներից 15-ում։ ՏԻՄ ընտրությունների արդյունքներով Վեդիում ամենաշատ ձայներ էր հավաքել «Իմ հզոր համայնք» կուսակցությունը, որի օգտին 8666 մարդ էր քվեարկել: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հավաքել էր 7690, իսկ «Հանրապետություն» կուսակցությունը՝ 3299 քվե: Որևէ ուժ բավարար ձայներ չէր ստացել միայնակ իշխանություն ձևավորելու համար: Հունվարի 4-ին կառավարությունը որոշեց, որ Վեդիում պետք է ավագանու արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Իսկ հունվարի 5-ին հայտնի դարձավ, որ Փաշինյանը Պետական գույքի կառավարման կոմիտեի արդեն նախկին նախագահ, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին նշանակել է Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։