Լավրովն ու Չավուշօղլուն պայմանավորվել են կազմակերպել «3+3» հարթակի նոր հանդիպումը

Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն. Արխիվային լուսանկար
Մոսկվան հայտարարել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին աջակցելու մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի – Sputnik. Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մևլութ Չավուշօղլուն պայմանավորվել են «3+3» ձևաչափով նոր հանդիպում կազմակերպել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախարարները հեռախոսազրույց են ունեցել։
Զրույցի ընթացքում Լավրովն ու Չավուշօղլուն դրական են գնահատել 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձևաչափով առաջին հանդիպումը, որը միտված էր Անդրկովկասում իրավիճակի կարգավորման ու համագործակցության զարգացմանը։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նույն կազմով հաջորդ հանդիպումը կազմակերպել։ Սերգեյ Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին»,- ասված է հայտարարության մեջ։
Հարավային Կովկասում «3+3» հարթակը գործում է որպես պրագմատիկ ձևաչափ. ՌԴ ԱԳՆ
Նշենք, որ «3+3» հարթակը ենթադրում է Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությունը։ Սակայն Թբիլիսին դեռ հրաժարվում է միանալ նախաձեռնությանը։
Զուգահեռաբար Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի մասին։ Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի կունենա երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։